38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Այդ շատ հարմար «ընդդիմադիրը»

Այդ շատ հարմար  «ընդդիմադիրը»
10.07.2012 | 12:36

ԼՂՀ նախագահական ընտրությունների նախաշեմին ընտրարշավի գլխավոր ինտրիգ էր համարվում այն հարցը, թե արդյոք ընդդիմությունն ի վիճակի կլինի՞ Բակո Սահակյանին գոնե քիչ թե շատ մրցունակ թեկնածու առաջադրելու: ՈՒ քանի որ ընտրությունները մոտենում էին, իսկ ընդդիմությունը բառացիորեն կենդանության նշաններ ցույց չէր տալիս, ղարաբաղյան քաղաքական շրջանակներում ավելի հաճախակի սկսեցին կարծիքներ հնչել, թե ընտրական գործընթացներին ինչ-ինչ քաղաքական ու ավելի շատ մարզական ինտրիգ հաղորդելու համար իշխանությունները ստիպված են լինելու իրենց արցախյան ընդդիմադիր եղած-չեղածից գործող նախագահին ինչ-որ այլընտրանք մոգոնել: Իհարկե, չի բացառվում, որ այս ուղղությամբ բոլոր առումներով կոնկրետ աշխատանք տարվեց: Աստիճանաբար սկսեցին ի հայտ գալ նաև, այսպես կոչված, ոչ իշխանական թեկնածուները: Իսկ երբ շատերի համար անսպասելիորեն չգիտես որտեղից ընդդիմադիր ասպարեզում հայտնվեց նաև Վիտալի Բալասանյանը, հասկանալի դարձավ, որ «Այլընտրանքային ընտրություններ» կոչվող օպերացիան հաջողությամբ սկսել է իրականացվել: Իսկապես, համաձայնեք, որ այս ընտրարշավում «ընդդիմադիր» գլխավոր դերակատարի անձն ավելի քան հաջող է ընտրված: Նախ` Արցախի հերոս է, գեներալ, հասցրել է մի քանի անգամ իշխանական ամենաբարձր օղակներում պաշտոններ զբաղեցնել, բայց, չբավարարվելով թե՛ իր պաշտոնական դիրքով, թե՛, հավանաբար, ձեռք բերված տնտեսական լծակներով, պարբերաբար նեղացել և հեռացել է իշխանական ճամբարից: Ի դեպ, վերջին պետական պաշտոնը, որ պաշտպանության նախկին փոխնախարարը զբաղեցրել է, եղել է հենց այսօրվա իր մրցակցի` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, խորհրդականի պաշտոնը: Այս պաշտոնում էլ 3 տարի` 2007-2010 թթ. աշխատելուց հետո Վիտալի Բալասանյանը հանկարծ հասկացավ, որ սա շատ փոքր պաշտոն է Արցախի հերոսի համար և սահմանափակեց իր քաղաքական գործունեությունը` ԼՂՀ ԱԺ-ում «Դաշնակցություն» խմբակցության շարքային անդամ լինելով: Հենց նման կարգավիճակով էլ նա դիմավորեց ԼՂՀ նախագահական ընտրական գործընթացների սկիզբը, և, ասում են` հենց այդ ժամանակ է, որ համընկան ԼՂՀ իշխանական քաղտեխնոլոգների և պաշտոնաթող Վ. Բալասանյանի ցանկությունները: Առաջինները ձգտում էին ընտրություններում գոնե ինչ-որ մրցակցության նշաններ ապահովել, իսկ հերթական անգամ բոլորից նեղացած գեներալը շանս ստացավ էապես բարձրացնելու իր քաղաքական և հասարակական կշիռն ու կարգավիճակը: Ինչպես ասում են` թեկնածուի ցանկությունները համընկան նրան խաղի մեջ մտցնողների հնարավորությունների հետ: Իսկ դա, համաձայնեք, շատ կարևոր հանգամանք է, քանի որ, ինչպես հայտնի է, ցանկացած ընտրարշավի անցկացում բավականին թանկ հաճույք է` անգամ ԼՂՀ-ում: Եվ պետք է նկատել, որ պարոն գեներալն այսօր այնքան է ընտելացել իր ընդդիմադիր կերպարին, որ ինչ-որ պահից սկսած նույնիսկ կարողացավ իր շուրջը քիչ թե շատ համախմբել արցախյան ընդդիմադիր հատվածի տարբեր բեկորները: Այս հանգամանքն իր հերթին, իհարկե, լրացուցիչ «հմայք» է հաղորդում արցախյան ընտրարշավին` արդեն վերջնականորեն լուծելով ընտրարշավին ժողովրդավարական ընթացք հաղորդելու հիմնախնդիրը: Իսկ որպեսզի «ընդդիմադիր գլխավոր թեկնածուն» իրեն առավել հարմարավետ զգա ընտրարշավի ընթացքում և հանկարծ չընկճվի, վերևներում որոշվեց փոքր-ինչ ուժեղացնել նրա դիրքերը, ասենք` շուրջ 100 ազատամարտիկների նրան աջակցելու հայտարարությամբ կամ, ինչն ավելի օրիգինալ էր, հայաստանյան մի խումբ գիտնականների ստորագրած աջակցության մասին բաց նամակով և այլն: Մի խոսքով, «ամեն ինչ` գեներալի համար, ամեն ինչ` 2-րդ տեղի համար»։
Ընդ որում, այս սցենարի հեղինակները միանգամից մի քանի խնդիր են լուծում` հարցը լուծվում է ինչպես մարտավարական, այնպես էլ ռազմավարական առումով, քանի որ ընտրություններում «պատվավոր» 2-րդ տեղը գրավելուց հետո Վիտալի Բալասանյանը դեյուրե կամրապնդի ընդդիմադիր նոր առաջնորդի իր կարգավիճակը, իսկ իշխանությունները առնվազն մոտակա ապագայի համար կստանան շատ հարմար, եթե չասենք` կառավարելի, ընդդիմադիր ուժ:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2024

Մեկնաբանություններ